National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
05.09.2019
Մշտական հանձնաժողովը մի շարք համաձայնագրերի դրական եզրակացություն է տվել
1 / 3

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 5-ին Ռուբեն Ռուբինյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել յոթ համաձայնագրի, որոնք կընդգրկվեն ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի եւ առաջիկա հերթական նիստերի օրակարգերի նախագծերում:

«1992 թվականի մայիսի 15-ի՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին» եւ  «2002 թվականի հոկտեմբերի 7-ի՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին»  օրենքների նախագծերը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ տեղեկացնելով, որ  պայմանագրում եւ կանոնադրությունում առաջարկվող փոփոխությունները նույնանպատակ են եւ  պայմանավորված են մեր երկրում իրականացված սահմանադրական փոփոխություններով:   Դրանց նպատակն է սահմանել, որ կազմակերպության ղեկավար մարմնում՝ Խորհրդում,  կարող է լինել վարչապետը, եթե սահմանադրորեն դա նախատեսված է:

Շավարշ Քոչարյանը քննարկման է ներկայացրել նաեւ «2002 թվականի հոկտեմբերի 7-ի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երրորդ արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը վերաբերում է Կազմակերպությունում դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ ստանալու կարգին եւ դրա դադարեցմանը:

Սահմանվում է, որ Կազմակերպության անդամ չհանդիսացող պետությունները, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունները, որոնք հետաքրքրված են կառույցի բաց նորմատիվ իրավական բազայի, փորձի եւ գործունեության պրակտիկայի ուսումնասիրությամբ՝ առանց Կազմակերպության  գործնական միջոցառումներին մասնակցության պարտավորության, կարող են   կառույցում  դիտորդի կարգավիճակ ստանալ: Գործընկերոջ կարգավիճակ կարող են ստանալ այն դեպքում, եթե ընդունում են Կազմակերպության նպատակներն ու սկզբունքները եւ ցանկություն են հայտնում երկկողմ հետաքրքրություն  ներկայացնող ոլորտներում հաստատելու եւ զարգացնելու փոխշահավետ համագործակցություն:

Հանձնաժողովը քննարկել  է նաեւ «2002 թվականի հոկտեմբերի 7-ի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի  կազմակերպության իրավական կարգավիճակի մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որում առաջարկվող փոփոխությունները տեխնիկական բնույթի էին:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը  քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության եւ Բելգիայի Թագավորության միջեւ դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների վարձատրվող աշխատանքի վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Նշվել է, որ փաստաթուղթը ստորագրվել է 2018 թվականին, այն  վերաբերում է դիվանագետների ընտանիքների անդամների՝ երկու  երկրներում  աշխատելու թույլտվությանը:

Զեկուցողն իրազեկել է, որ այսպիսի համաձայնագրեր Հայաստանը կնքել է մի շարք երկրների հետ:

Ավետ Ադոնցը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել նաեւ «Հայաստանի Հանրապետության եւ  Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի եւ Մալթայի ինքնիշխան  մարտական բարեխնամ ուխտի միջեւ» համագործակցության  համաձայնագիրը վավերացնելու մասին»  օրենքի նախագիծը:

Փաստաթուղթը ստորագրվել է 2018 թվականի ապրիլի 5-ին եւ նպատակ ունի խրախուսել երկու երկրների միջեւ առկա համագործակցությունը: Զեկուցողի տեղեկացմամբ՝ կազմակերպությունը ծավալում է բարեգործական  գործունեություն, եւ տարիներ ի վեր  մեր երկրի առողջապահության եւ սոցիալական ոլորտներին եւս  ցուցաբերել է  նման  աջակցություն:   Համաձայնագիրը շրջանակային է, եւ այն նույնպես, ինչպես  վերոնշյալները, մեր երկրի համար ֆինանսական պարտավորություններ չի նախատեսում եւ համապատասխանում է ՀՀ Սահմանադությանը:

Հանձնաժողովի կողմից քննարկված վերջին օրինագիծը «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջեւ՝ Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կարգավիճակի մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին»  հարցն էր, որը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը:

Փաստաթուղթը ստորագրվել է 2019 թվականի հունվարին եւ միտված է առավել ամրապնդելու ձեւավորված հարաբերությունները:

Օրինագծերի վերաբերյալ հարակից զեկուցողների տեսակետները դրական էին:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am